9 հունիսի 2011 - 11:03 AMT
Տիգրան Սարգսյան. Անհրաժեշտ է, որ մեր ադրբեջանցի գործընկերները նույնպես ցուցաբերեն քաղաքական կամք

«Մենք հետաքրքրված ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն», - Վիեննայում ընթացող Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին նվիրված Համաշխարհային տնտեսական ֆորումի «Հայացք դեպի Ռուսաստան» խորագիրը կրող նիստում, պատասխանելով ներկաների հարցերին, երեկ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մոտ է հաջողության, և Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների վերջին հայտարարությունը դրա վկայությունն է: Վարչապետ Սարգսյանի խոսքով` հայկական կողմը համաձայն է այն հիմնական դրույթների հետ, որոնք առկա են այդ հայտարարության մեջ, և պատրաստ է քաղաքական կամք դրսևորել ու արագ համաձայնության գալ:

«Մեր տեսանկյունից, դրա համար կան բոլոր օբյեկտիվ նախադրյալները: Անհրաժեշտ է, որ մեր ադրբեջանցի գործընկերները նույնպես ցուցաբերեն քաղաքական կամք և պատրաստ լինեն ստորագրելու համաձայնագիր, որը բազա կհանդիսանա հետագա բանակցությունների համար»,- նշել է ՀՀ վարչապետը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: