9 հունիսի 2011 - 17:53 AMT
Հայաստանը կմասնակցի Եվրամիության և ԱԷԿ-երում սթրես-թեստերի գծով գործընկեր երկրների հանդիպմանը

Հունիսի 23-ին կկայանա Հայաստանի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Բելոռուսի և Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը այդ պետությունների ԱԷԿ-երում Եվրամիության ստուգումների մոդելով սթրես-թեստերի անցկացման հարցի վերաբերյալ:

Այդ մասին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հայտնել է էներգետիկայի գծով եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերը:

«Սթրես-թեստերի հարցով հարևան երկրների հետ հանդիպումը կայացավ հունիսի 1-ին Բրյուսելում` Հայաստանի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Բելոռուսի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ձեռք բերվեց այդ գործընթացին մասնակցելու և նմանատիպ թեստերի անցկացման անհրաժեշտության համընդհանուր ըմբռնում: Այս գործի հանդեպ ընդհանուր մոտեցումը հաստատելու համար բարձր մակարդակով հանդիպում է նշանակվել 2011 թվականի հունիսի 23-ին»,- ասել է եվրահանձնակատարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Եվրամիության երկրները պայմանավորվել են հունիսի 1-ից սթրես-թեստ անցկացնել ԵՄ 143 ատոմային էլեկտրակայաններում` տարերային աղետների և մարդկային սխալների հետ կապված ռիսկերի ֆոնին դրանց անվտանգությունը հստակեցնելու համար: ԵՄ-ում նման որոշում ընդունվեց Ճապոնիայում մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից հետո «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի կապակցությամբ: Եվրահանձնաժողովը պետք է 2012 թվականի հունիսին ԵՄ պետությունների ղեկավարների գագաթաժողովին ներկայացնի ամփոփիչ գնահատականը: