12 հունիսի 2011 - 18:20 AMT
Իսրայելի բանկի նախագահը դարձել է ԱՄՀ ղեկավարի պաշտոնի երրորդ թեկնածուն

Իսրայելի բանկի նախագահ Սթենլի Ֆիշերը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնի թեկնածու: Ինչպես հաղորդում է Reuters-ը, թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարել է Իսրայելի ֆինանսների նախարար Յուվալ Շտայնիցը: Ֆիշերն իր որոշումը բացատրել է նրանով, որ «ունիկալ փորձ» ունի: «Ես հավատում եմ, որ կարող եմ օգտակար լինել ԱՄՀ-ին»,- ասել է նա:

Ավելի վաղ նա հայտարարել է, որ անպայման չէ, որ ԱՄՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցնի եվրոպացի: Ֆիշերն ԱՄՆ քաղաքացիությունից բացի ունի իսրայելական: Տնտեսագետ Սթենլի Ֆիշերը գլխավորել է Իսրայելի բանկը 2005-ին: Մինչ այդ նա եղել է Citi Group-ի փոխնախագահ:

ԱՄՀ ղեկավարի պաշտոնում Ֆիշերի մրցակիցներն են Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լեգարդը և Մեքսիկայի Կենտրոնական բանկի նախագահ Ագուստին Կարսենը: Քրիստին Լեգարդը համարվում է ԱՄՀ ղեկավարի պաշտոնի գլխավոր թեկնածուն: Նրան աջակցում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը և Շվեդիան: