Հունիսի 22-26-ը Երևանում կանցկացվի «Հայաստանի Կիբերխաղերի 5-րդ բաց առաջնությունը»։ Առաջնությունը միաժամանակ հանդիսանում է միջազգային WCG (WorldCyberGames) համակարգչային և վիդեո խաղերի ամենամեծ փառատոնի հայաստանյան նախընտրական փուլը։
Հայաստանյան առաջնության 3 հաղթողներ կմասնակցեն Աշխարհի կիբերխաղերի առաջնությանը Կորեայում։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց Հայաստանի Կիբերսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Էդգար Սահակյանը։ «Մենք հավաքվում ենք իրար հետ մրցելու և ոչ ժամանցի համար։ Սա համակարգչային միջավայր է, որտեղ ի հայտ են գալիս մարդու ունակությունները։ Մեր առաջնության մասնակիցների 30%-ը հետագայում դառնում են ծրագրավորողներ և ՏՏ ոլորտի այլ մասնագետներ»,- ասաց Էդգար Սահակյանը։
Առաջնության մասնակիցները կմրցեն 2 պաշտոնական մարզաձևում՝ FIFA 2011 և StarCraft 2, ինչպես նաև ոչ պաշտոնական՝ Counter-Strike 1.6 և WarCraft 3 Dota խաղերում։ Առաջնությանը զուգահեռ անցկացվելու են նաև լրացուցիչ մրցույթներ՝ լուսանկարչական մրցույթ, նկարչական մրցույթ (Fan Art) և մեքենագրման (Touch typing) մրցույթ: Հայաստանյան առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 3.600.000 դրամ։
«Բոլոր մրցումների մասնակիցները կստանան տարբեր տիպի մրցանակներ՝ համակարգչային մկնիկներ, մոնտիտորներ, ստեղնաշարեր, նեթբուքեր և այլն։ Ոչ պաշտոնական մարզաձևի հաղթողները կստանան տիտղոսներ, միայն պաշտոնական մարզաձևերի հաղթողները կարող են մեկնել Կորեա աշխարհի առաջնությանը»,- նշեց Էդգար Սահակյանը։
Ինչպես տեղեկացրեց Էդգար Սահակյանը, անցած տարիներին ունեցել են մոտ 150 մասնակից, այս տարի ակնկալում է մինչև 200 մասնակից։
Համաշխարհային առաջնության հովանավորն է «Սամսունգ» ընկերությունը, ազգային առաջնության գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը, իսկ պաշտոնական գործընկերը՝ «Ֆայն» ընկերությունը։
«ԱրմենՏել» ընկերությունն ապահովելու է նաև բոլոր խաղերի օնլայն հեռարձակումն առաջնության կայքում։
«Հայաստանի Կիբերխաղերի 5-րդ բաց առաջնությանը» կարող են մասնակցել բոլորն՝ առանց տարիքային սահմանափակման։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում՝ www.wcg.am-ում։