Այս տարի ամառը Հայաստանում շոգ և չոր է լինելու: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայհիդրոմետծառայության Օպերատիվ հիդրոմետեորոլոգիայի կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքով, երկրի հարավում մոտակա 5 օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով:
«Հունիսի 16-ին սպասվում է 28-30 աստիճան, իսկ հունիսի 20-ին` 31-33 աստիճան տաքություն»,- հաղորդել է Պետրոսյանը` ավելացնելով, որ մոտակա օրերին տեղումներ չեն սպասվում: Նա հաղորդել է նաև, որ հյուսիսում առայժմ տեղումների հնարավորությունը պահպանվում է: Ընդ որում, հուլիս-օգոստոսին ջերմաստիճանը նորմային մոտ կլինի, իսկ տեղումների քանակը նորմայից քիչ է սպասվում:
«Երևանում հուլիս-օգոստոսին միջին ջերմաստիճանը մոտ 25-27 աստիճան կլինի»,- ասել է Զարուհի Պետրոսյանը` նշելով, որ ամռանը Հայաստանի ողջ տարածքում միջին ջերմաստիճանը կլինի նորմայի շրջանակներում` 16 աստիճան: