15 հունիսի 2011 - 19:49 AMT
Բեռնար Ֆասիե. Եթե հիմնարար սկզբունքները չընդունվեն, ԵԱՀԿ ՄԽ-ն ստիպված կլինի հանդես գալ նոր հայեցակարգով

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը բավական ճկուն է և կարող է արագ արձագանքել տարածաշրջանում կատարվող բոլոր փոփոխություններին: Այդ մասին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում լսումների ժամանակ, հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ռոբերտ Բրադտկեն: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլում Մինսկի խումբն իրեն բավական արդյունավետ է դրսևորել: Ընդ որում, նա նկատել է, որ հակամարտության կարգավորման գործում ապագայում տեսանելի է նաև ԵՄ մեծ դերը: Անդրադառնալով համանախագահների աշխատանքի արդյունավետությանը, ամերիկյան միջնորդը հայտնել է. «գլխավոր բանը, որին մենք հասել ենք, նոր պատերազմի բացառումն է»:

Ֆրանսիական համանախագահ Բեռնար Ֆասիեն իր հերթին ընդգծել է, որ Եվրամիության դերը ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում որոշիչ է: «ԵՄ դերն առնվազն երկու երկրների քաղաքացիական հասարակության նախապատրաստումն է»,- նշել է նա: Ընդ որում, Ֆասիեն նկատել է, որ եթե հիմնարար սկզբունքները չընդունվեն, ԵԱՀԿ ՄԽ-ն ստիպված կլինի հանդես գալ նոր հայեցակարգով:

Ֆրանսիայից համանախագահի խոսքով, իրենք հույս ունեին առաջընթացի հասնել 2009 թվականին, ուստիև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներն առաջին անգամ պատասխանատվություն ստանձնեցին հրապարակելու կարգավորման հիմնարար սկզբունքները: «Այսպիսով, այսօր մենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման 3-րդ փուլի ավարտին ենք մոտեցել»,- ասել է նա: