17 հունիսի 2011 - 13:46 AMT
5 օրից Հարրի Փոթերի երկրպագուներին անակնկա՞լ է սպասում

Ւնչպես հաղորդում է ReadWriteWeb-ը, գործարկվել է նոր կայք՝ Pottermore.com-ը։ Հարրի Փոթերի հայտնի հեղինակ Ջ.Կ. Ռոուլինգի այս նոր կայքն առեղծվածային է։ Այնտեղ առկա է հեղինակի ստորագրությունը և գրված է՝ «շուտով»։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու «շուտով», բայց շրջանառվող խոսակցությունները տարբեր են։

Սեղմելով կայքի երկու կողմում գտնվող բվերի վրա՝ այցելուն հայտնվում է YouTube էջում, որտեղ կրկին թողնված է հետևյալ տեղեկությունը՝ «Բվերը հավաքվում են, պարզիր թե ինչու». այնտեղ կա նաև հետհաշվարկի ժամանակացույց, որը ցույց է տալիս 5 օր, ապա համապատասխան ժամ, րոպե և վայրկյան։

Գրեթե 5 տարի առաջ տպագրվեց Հարրի Փոթերի մասին պատմող վերջին գիրքը։ Երկրպագուների կայքերում խոսակցություններ են պտտվում այն մասին, թե Ռոուլինգն այժմ հավանաբար կթողարկի Փոթերի աշխարհի «Հանրագիտարան», մի բան որի մասի նա ակնարկել էր իր կայքում։ Ըստ այլ խոսակցությունների, Ռոուլինգը վերջապես թողարկում է Հարրի Փոթերի էլեկտրոնային գրքերը։

Իսկ ոմանք էլ հուսով են, որ Ռոուլինգը կհրատարակի Հարրի Փոթերի մասին պատմող նոր վեպը։

Երևանում` «Մոսկվա» կինոթատրոնում հուլիսի 29-ին տեղի կունենա ռեժիսոր Դևիդ Յեթսի «Հարրի Փոթերն ու մահվան ընծաները. Մաս 2» ֆիլմի Հայաստանյան պրեմիերան, իսկ համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Լոնդոնում հուլիսի 7-ին։ Այդ տեղեկությունները հաստատել են նաև «Մոսկվա» կինոթատրոնում: Վերջին ֆիլմը նկարահանվել է 3D ձևաչափով։