«Ժառանգ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Նոր Մեդիա Դպրոց» նախագիծի պիլոտային փուլը։ Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նախագծի հեղինակ և «Ժառանգ» ՀԿ-ի հիմնադիր անդամ Կարեն Վրթանեսյանը, նախագիծն իրենից ներկայացնում է 4 շաբաթյա՝ 8 դասընթաց-սեմինար, որի ընթացքում մասնակիցները սովորում են ինչպես բացել սեփական բլոգը, ինչպես գրել ինտերնետում, ինչպես հետաքրքիր գրել և այլ բաներ։Ըստ Կարեն Վրթանեսյանի, «Նոր մեդիա դպրոցի» նպատակն է հայկական բլոգոսֆերայում նոր որակյալ անուններ հայտնաբերել և ինտերնետում ավելացնել հայալեզու բովանդակությունը։
«Սեմինարներն անվճար են, կարող են մասնակցել 18-35 տարեկան բոլոր հետաքրքրվողները, ովքեր տիրապետում են հայերեն լեզվին։ Կարևորը, որ մասնակիցները ձեռք բերեն հմտություններ և բլոգերի համար գրելու սկզբունքները սովորեն»,-նշեց Կարեն Վրթանեսյանը։
Մասնակիցներին ընտրելու են 2 փուլից բաղկացած մրցութային կարգով։ 1-ին փուլը հարցաշարն է, իսկ 2-րդը՝ օնլայն հարցազրույցը։ Յուրաքանչյուր դասընթացի համար կընտրվեն 12-16 հոգի։ Դասընթացները տևելու են մինչև դեկտեմբեր։ «Մենք փորձելու ենք հասկանալ, ինչքան ցանկություն ունի գրելու, ստեղծագործական ջիղ կա թե ոչ։ Մասնակիցներին պարապմունքներից դուրս օնլայն գրառումներ անելու և վերլուծելու առաջադրանքներ են տրվելու», - ավելացրեց Կարեն Վրթանեսյանը։
«Նոր մեդիա դպրոցում» դասավանդելու են բլոգերներ Սամվել Մարտիրոսյանը, Արթուր Պապյանը, ովքեր կպատմեն, թե ինչպես արդյունավետ գրել, ինչպես անել, որ մարդիկ կարդան և այլն։
Բլոգեր և լրագրող Արթուր Պապյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով հայկական բլոգոսֆերայում հետաքրքիր միտում է նկատվում։
«Բլոգերը սկսել են քչանալ, իսկ ով շարունակում է գրել՝ լրջանալ։ Ովքեր ուզում են ավելի ծանրակշիռ հանդես գալ լուրջ են վերաբերվում իրենց յուրաքանչյուր գրառմանը, իսկ մյուսները, ովքեր դադարում են գրել, անցնում են սոցիալական ցանցերում քննարկումների։ Եթե նախկինում ռուսալեզու բլոգեր էին բացում, այժմ զգացվում է, որ սկսել են ավելի շատ հայերեն գրել։ Ցանկացած նման սեմինար մարդուն ինքնաարտահայտվելու հնարավորություն է տալիս»,- նշեց Արթուր Պապյանը։
Նախագիծը հովանավորում է «ԱրմենՏել» ընկերությունը՝ տրամադրելով համապատասխան սարքավորումներ և ուսումնական տարածք։
«ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Անուշ Բեղլոյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ ընկերությանը հետաքրքրում են նոր մեդիաների զարգացումները։
«Մենք տեսնում ենք ինտերնետում, սոցիալական ցանցերում և բլոգոսֆերայում առկա ակտիվությունը, օգտագործողների հետաքրքրությունը արծարծվող թեմաների հանդեպ և քննարկումները, ինտերնետ այցելողների զգալի աճ կա։ Մենք խրախուսում ենք երիտասարդների ծանոթությունը նոր մեդիա ոլորտին, հայալեզու բովանդակության ավելացումը»,- նշեց Անուշ Բեղլոյանը։
«Նոր Մեդիա Դպրոցն» ունի նաև իր կայքը, որտեղ կարելի է ծանոթանալ դպրոցի նորություններին և մասնակցելու պայմաններին։