18 հունիսի 2011 - 17:25 AMT
Բրիտանական խորհրդարանում փորձել են պարզել, թե ինչու այդ երկիրը մինչ օրս չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատում հունիսի 16-ին կայացել է քննարկում` «Վաղուց ժամանակն է, որպեսզի Մեծ Բրիտանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Քննարկումը կազմակերպվել էր բարոնուհի Շրիլա Ֆլավերի նախաձեռնությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայ-բրիտանական բարեկամության խորհրդարանական խմբի գործադիր քարտուղար Օդեթ Բազիլը:

Ելույթ ունենալով քննարկման ժամանակ` Շրիլա Ֆլավերը, որն ապրիլին խորհրդարանական խմբի այցի շրջանակներում այցելել էր Հայաստան և Արցախ, հայտարարել է, որ Երևանում այցելել է Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտ, և որ իր տեսածը ոչ պակաս սարսափելի էր, քան Հոլոքոստի թանգարանը: «Ժամանակն է, որպեսզի մենք ճանաչենք Հայոց ցեղասպանությունը»,- հայտնել է բարոնուհին:

Սատարելով բարոնուհի Ֆլավերին` լորդ Էյվբերին ասել է, որ Թուրքիայի կողմից այդ հանցագործության ճանաչումը կնպաստի Եվրամիությանը այդ երկրի անդամակցության գործընթացին: Բարոնուհի Քերոլայն Քոքսն իր հերթին հիշեցրել է, որ Թուրքիայում շարունակվում են «Հայոց ցեղասպանություն» տերմինը կիրառող լրագրողների և գրողների հանդեպ հետապնդումները, իսկ դասագրքերում Հայոց ցեղասպանությունը ժխտվում է: Քոքսի խոսքով, մի երկիր, որտեղ գոյություն ունի նման ցենզուրա, չի կարող Եվրամիությանն անդամակցելու հույս ունենալ:

Քննարկմանը որպես բրիտանական կառավարության ներկայացուցիչ ելույթ ունեցող Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի պետնախարար Դևիդ Հաուելլը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան չի կարող միջամտել երկու հարևան երկրների գործերին: