22 հունիսի 2011 - 20:21 AMT
ՀՀ 5 քաղաքներում 3 տարվա ընթացքում կկառուցվի մինչև 1000 բնակարան ցածր եկամուտներ ունեցող անձանց համար

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար, Հայաստանի Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի (ԱՍԲԱ) խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը Նիդեռլանդներ կատարած այցի շրջանակներում հունիսի 22-ին հանդիպել է Հոլանդիայի մի շարք սոցիալական բնակարանային հիմնադրամների և կազմակերպությունների ղեկավարների հետ:

«Վոոնբրոն» սոցիալական բնակարանային կազմակերպության խորհրդի նախագահ Բերտ վան Նյուվանհայզենի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսելու բնակշինարարության ոլորտում ենթակառուցվածքների զարգացման ռազմավարության մշակման հարցերում լայնածավալ համագործակցության ծրագիր` օգտագործելով այս բնագավառում հոլանդական լավագույն փորձը:

Եվրոպական «Սեկոդասի» ղեկավարության հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսելու բանակցային գործընթաց Հայաստանի Ազգային բնակարանային ասոցիացիայի` «Սեկոդասի» ասոցացված անդամ դառնալու շուրջ:

«Սեկոդասը» սոցիալական բնակարանային հիմնադրամները միավորող համաեվրոպական ցանց է, որին անդամակցում են ԵՄ անդամ 27 երկրներ: Կազմակերպության փոխնախագահ Ռուդի դե Յոնգի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում իրականացնելու սոցիալական բնակարանային համակարգի զարգացման ծրագիր` բնակարանային հիմնադրամների համաեվրոպական ցանցի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ:

Այնուհետև Արթուր Բաղդասարյանը և «Հոլանդական միջազգային բնակարանային երաշխիքներ» հիմնադրամի նախագահ Էրիկ Բերժեն ստորագրել են պայմանագիր Հայաստանում սոցիալական բնակարանային ոլորտում ներդրումային ծրագրերի պորտֆելի ձևավորման համար` առաջին փուլում շուրջ 3 մլն եվրո ընդհանուր ծավալով աջակցություն, որն ուղղվելու է Հայաստանում ցածր և միջին եկամուտներ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը: Այս ծրագրերի կենսագործման համատեքստում «Գրին վեստ» սոցիալական բնակարանային կազմակերպության հետ քննարկվել և հաստատվել է ԱՍԲԱ-ի ներդրումային ծրագրերին երաշխիքներ տրամադրելու հարցը, իսկ «Նորհուստ» շինարարական կոնցեռնի հետ քննարկվել է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաներով բնակարանային շինարարության հարցը, ինչը կնպաստի սոցիալական բնակարարանների մատչելիության բարձրացմանը: Առաջին սոցիալական բնակարանները կսկսվեն կառուցվել արդեն այս տարվա աշնանը: Ծրագրի առաջին փուլում ընդգրկված են Դիլիջան, Աշտարակ, Ապարան, Հրազդան և Վեդի քաղաքները, որտեղ նախատեսվում է առաջին 3 տարում կառուցել մինչև 1000 բնակարան ցածր եկամուտներ ունեցող անձանց համար, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամուլի գրասենյակը: