ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հերքել է Աղդամի շրջանի Մարզլի բնակավայրի մոտ ադրբեջանցի զինվորի վիրավորվելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը: «Ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել է Սենոր Հասրաթյանը PanARMENIAN.Net ի թղթակցին: Նա ավելացրել է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շփման գծում խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը, և ընդգծել, որ ի տարբերություն ադրբեջանական կողմի, ԼՂՀ Պաշտպանության բանակը կրակ է բացում միայն ի պատասխան հակառակորդի սադրիչ գործողությունների:
Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլլաևը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով վիրավորվել է ադրբեջանական բանակի 19-ամյա զինվոր Իմանով Յուսիֆ Մուսթաֆա օղլուն: