23 հունիսի 2011 - 11:56 AMT
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կղեկավարի դիվանագետ Նասիր Աբդուլազիզ ալ Նասերը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նոր ղեկավար է ընտրվել Քաթարի նախկին դեսպան Նասիր Աբդուլազիզ ալ Նասերը: Նախկինում այդ 57-ամյա դիվանագետը եղել է Քաթարի դեսպանը ՄԱԿ-ում: Այժմ Նասերը կղեկավարի Գլխավոր վեհաժողովը, որի 66-րդ նստաշրջանը բացվելու է սեպտեմբերին: Այդ պաշտոնում նա կփոխարինի շվեյցարացի Յոզեֆ Դայսին, հաղորդում է Associated Press-ը:

Գլխավոր վեհաժողովը ՄԱԿ-ի գլխավոր խորհրդակցական և ներկայացուցչական մարմինն է: Վեհաժողովը բաղկացած է ՄԱԿ-ի 192 անդամներից և հարթակ է Կանոնադրության մեջ ամրագրված միջազգային հարցերի ողջ սպեկտրի քննարկման համար:

Վեհաժողովը հերթական նստաշրջանն է գումարում սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, իսկ այնուհետև` ըստ անհրաժեշտության: