Ադրբեջանահայերի համագումարը հանդես է եկել հայրենադարձության իրավունքի վերաբերյալ հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում տարիներ շարունակ անտեսվել է փախստականների վերադարձի խնդիրը, որ միջազգային միջնորդների առաջարկները, որոնք ապահովում են փախստականների և տեղահանված անձանց միայն մի մասի վերադարձը հայրենի օջախներ և մերժում են մյուսների հայրենադարձության իրավունքը, խտրական են և անընդունելի: «Ղարաբաղյան խաղաղ գործընթացի կուրատորների (ԵԱՀԿ Մինսկի խմբի) քաղաքականությունը, որն արգելում է ամեն տեսակ ենթակառուցվածքների ստեղծումը ԼՂՀ իրավասության ներքո գտնվող տարածքներում, միայն վատթարացրեց ծանր հումանիտար իրադրությունը տարածաշրջանում: Այդ քաղաքականությունը մի կողմից առիթ է տվել քաղաքական սադրանքի և 1992-1994 թվականների զինված հակամարտության զոհերի ճակատագրերի անխիղճ շահարկումների և մյուս կողմից`ինչպես այս, այնպես էլ ավելի վաղ ժամանակահատվածում` 1988-1992 թվականներին, տուժած բնակչության իրավունքներն անտեսելու համար:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ համագումարը վճռեց համագումարը որոշեց հայ փախստականների հայրենադարձության իրավունքն իրականացնելու համար պահանջով դիմել Ստեփանակերտի իշխանություններին`նպաստելու փախստականների բնակեցմանն իր վերահսկման տարածքներում և ապահովել վերադարձողների անվտանգությունը` մինչև փախստականների և տեղահանված անձանց բնակեցման խնդրի համընդհանուր լուծումը:
Հայտարարությունը փոխանցվել է Ղարաբաղի ներկայացուցչություն, Ֆրանսիայի, ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատներ (Վրաստանում) և ՄԱԿ առաքելություն: