23 հունիսի 2011 - 17:35 AMT
Վլադիմիր Պյատենկո. Պիզելին ու Ղազարյանը որակավորում ունեցող մարզիկներ են, և մենք հույսեր ենք կապում նրանց հետ

Դոնեցկի «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն ամփոփել է Ավստրիայում թիմի առաջին ուսումնամարզական հավաքի արդյունքները:

«Մեր ֆուտբոլիստները հիմնականում կատարել են այն խնդիրները, որոնք մենք առաջադրել էինք: Մարզիկները բավականին ծանրաբեռնված էին: Ոտքերը միշտ չէ, որ ենթարկվում են նրանց: Դեռ աշխատելու տեղ կա»,- ասել է Պյատենկոն, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Մետալուրգի» գլխավոր մարզիչը խոսել է նաև թիմի նոր ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելիի և Գևորգ Ղազարյանի մասին. «Նրանք որակավորում ունեցող մարզիկներ են: Մենք նրանց հետ պայմանագրեր ենք կնքել և հույսեր ենք կապում նրանց հետ: Նրանք ունեն ամեն ինչ, որպեսզի հաստատվեն ակումբի կազմում և օգուտ բերեն թիմին»:

Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներն այս տարվա հունիսին եռամյա պայմանագրեր են կնքել ուկրաինական ակումբի հետ: Այդ թիմի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի ևս մեկ մարզիկ` Կառլեն Մկրտչյանը: