23 հունիսի 2011 - 19:39 AMT
Սիրիային օգնելու համար «Հըզբոլլահը» պատրաստ է պատերազմ սկսել Իսրայելի դեմ

Լիբանանում գործող «Հըզբոլլահ» արմատական շիիթական խմբավորումը լրջորեն պատրաստվում է Իսրայելի դեմ հնարավոր պատերազմին, որպեսզի Արևմուտքին շեղի Սիրիայի վրա ճնշումից: Այդ մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրը: Գործակալության զրուցակցի խոսքով, «Հըզբոլլահը», որն անվերապահ աջակցություն է ստանում Սիրիայի ներկայիս շիիթական ղեկավարությունից, ժողովրդական ապստամբության արդյունքում վերջինիս տապալման մտավախություն ունի: «Դա («Հըզբոլլահի») գոյատևման հարց է: Այժմ նա պետք է բարով պատասխանի բազմամյա սիրիական աջակցությանը և օգնության հասնի Դամասկոսին»,- ասել է «Հըզբոլլահի» ծրագրերին ծանոթ լիբանանյան քաղաքական գործիչը: Նա ավելացրել է նաև, որ «Հըզբոլլահի» առաջնորդ շեյխ Հասան Նասրալլայի կարծիքով, Վաշինգտոնը, կորցնելով իր կողմնակիցներին Եգիպտոսում և Թունիսում, այժմ ցանկանում է «տանուլ տվածը հետ բերել»` գահընկեց անելով Բաշար Ասադին, որն ԱՄՆ և Իսրայելի դեմ է տրամադրված: Նրա խոսքով, ներկայիս սիրիական առաջնորդների իշխանությունը պահպանելու համար Նասրալլան պատրաստ է ամեն ինչի` «ներառյալ ռազմաճակատների բացումը Գոլանյան բարձունքներում և հարավային Լիբանանում»: