27 հունիսի 2011 - 16:05 AMT
Հունիսի 30-ին Երևանում նույնպես կնշեն սոցիալական մեդիայի միջազգային օրը

Հունիսի 30-ին կանցկացնվի Mashable.com-ի կողմից կազմակերպվող սոցիալական մեդիայի միջազգային օրը։ Meetup.com-ում շուրջ 1400 Mashable համայնք աշխարհի տարբեր երկրներից միացել է այս իրադարձությանը։ Երևանի Mashable համայնքը նույնպես նշելու է սոցիալական մեդիայի միջազգային օրը։

Այս միջոցառման հանդիպումը (meetup) ստեղծվել է meetup.com-ի Երևանի Mashable համայնքում։ Միջոցառմանն իրենց մասնակցությունը հաստատողները կհավաքվեն Կասկադ համալիրում հունիսի 30-ին։

Սոցիալական մեդիայի միջազգային օրը տոն է ՏՏ ոլորտի նորություններով հետաքրքրվողների, ՏՏ ոլորտի մասնագետների և պարզապես Mashable-ի պես սոցիալական մեդիաների սիրահարների համար։ Նրանք հավաքվում են այդ օրը` ծանոթանում, լուսանկարվում, Mashable-ի կողմից ուղարկված նվերները բաժանում:

Երևանում անցյալ տարի այս միջոցառման կազմակերպիչն էր Mashable-ի ընթերցող և meetup.com-ի հանդիպումների ակտիվիստ Արփինե Գրիգորյանը։ Ինչպես նա հայտնեց PanARMENIAN.Net-ի թղթակցին, նախորդ տարի հավաքվել էր 15 մարդ։

«Այս տարի միջոցառումը չունի կոնկրետ կազմակերպիչ և դեռևս իրենց մասնակցությունը հաստատել են 9 մարդ։ Նման միջոցառումները ինքնակազմակերպվող են և կարիք ունեն ինֆորմացիոն աջակցության։ Ոչ մեկ չի զբաղվում այս հարցով։ Եթե մեկը նախաձեռնի, միջոցառման մասին կիմանան շատերը և կունենան մշտապես ակտիվ մասնակիցներ»,-նշեց Արփինե Գրիգորյանը։

Այս տարի սոցիալական մեդիայի միջազգային օրը կազմակերպվում է 2-րդ անգամ։ Mashable-ը գրում է, որ նվերներով փաթեթ կուղարկի նրանց, ովքեր կգրեն փոքրիկ գրառում, որտեղ կպատմեն, թե ինչու է իրենց քաղաքը առավել բանիմացը սոցիալական մեդիայի դաշտում։

Միջոցառման պաշտոնական թեգն է #SMDay։

2010-ին աշխարհի 93 երկրներում կայացել է սոցիալական մեդիայի միջազգային օրվան նվիրված 600 հանդիպում։