27 հունիսի 2011 - 16:55 AMT
Պաշտպանության նախարարը նշել է, որ Հայաստանը շահագրգռված չէ սրել իրադրությունը հայկական ու ադրբեջանական զորքերի շփման գծում

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 27-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սելեսթ Վոլանդերին: Քննարկվել են երկու երկների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) շրջանակներում:

Կարևորելով միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը` Սելեսթ Վոլանդերը բարձր է գնահատել հայ խաղաղապահների առաքելությունը Աֆղանստանում, ինչպես նաև աֆղանական անվտանգության ուժերի ուսուցման և վերապատրաստման աշխատանքներին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը:

ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը հավաստիացրել է, որ ԱՄՆ շարունակելու է աջակցել խաղաղապահության, ռազմակրթության, պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ջանքերին: Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Սելեսթ Վոլանդերին` Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքներում ԱՄՆ-ի ցուցաբերած փորձագիտական օժանդակության համար:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Հայաստանը, հանդես գալով ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու դիրքերից, խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը և որևէ շահագրգռվածություն չունի հայկական ու ադրբեջանական զորքերի շփման գծում իրադրությունը սրելու համար: Միաժամանակ, Սեյրան Օհանյանը մտահոգություն է հայտնել առ այն, որ ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման հարցում չի դրսևորում նույնքան պատրաստակամություն, ինչի արդյունքում պարբերաբար արձանագրվում են հրադադարի խախտման դեպքեր: