Հունիսի 24-ին աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում գտնվող Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը հանդիպել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի հետ: Կողմերը քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները, անդրադարձել համատեղ վարույթների վարման ընթացքին:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը պատասխանել է նաև մրցակցության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ հարցերին և կարևորել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին կից Հասարակական խորհուրդ ստեղծելու հանգամանքը:
Արտակ Շաբոյանի և Հակոբ Ղահրամանյանի կողմից համատեղ անցկացված արտահերթ նիստի ընթացքում քննարկվել են նաև դեղատների, առևտրի կետերի, դիզվառելիքի և մի շարք այլ ապրանքային շուկաներին վերաբերող հարցեր:
Նիստի ավարտին, շնորհակալություն հայտնելով Արտակ Շաբոյանին, Հակոբ Ղահրամանյանը նշել է, որ առկա խնդիրների լուծման համար ակնկալում են գործուն օժանդակություն և աջակցություն, ինչին ի պատասխան ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը նշել է Հանձնաժողովի պատրաստակամության մասին:
2010թ. հոկտեմբերին ՀՀ ՏՄՊՊՀ և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Համաձայն հուշագրի, հանձնաժողովները համագործակցելու են մրցակցային քաղաքականության իրականացման բնագավառում փորձի փոխանակման, օրենքների և նորմատիվ իրավական այլ ակտերի մշակման, միջազգային կառույցներին անդամակցելու, համատեղ վարույթների իրականացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների շուրջ: