27 հունիսի 2011 - 20:54 AMT
Վրաստանը Ռուսաստանին առաջարկում է խաղաղ հարաբերություններ հաստատել

Վրացական իշխանությունները պատրաստ են քայլ կատարել Ռուսաստանի հետ հաշտեցման ուղղությամբ: Դիվանագիտական նոտան, որում Մոսկվայի հետ երկխոսության վերականգնման պատրաստակամություն է արտահայտվում, Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչները կփոխանցեն Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը: Պաշտոնական Թբիլիսին նման որոշում է ընդունել ՄԱԿ-ի` երկու կողմերին հղված երկխոսության կոչից հետո:

«Քանի որ ՄԱԿ-ի դատարանը գտնում է, որ Վրաստանն անկախ ամեն ինչից պետք է երկխոսություն վարի Ռուսաստանի հետ, մենք այսօր պաշտոնապես Շվեյցարիայի դեսպանատանը կփոխանցենք Ռուսաստանի Դաշնությանը հղված նոտան: Դրանում արձանագրված է, որ Վրաստանն անկախ ամեն ինչից պատրաստ է համապատասխան կոնվենցիայի խախտման վերաբերյալ երկխոսություն վարել Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք հուսով ենք, որ երկխոսության ձևաչափում այդ խնդիրը հնարավոր կլինի լուծել»,- ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն: Նրա խոսքով, հունիսի 29-ին սպասվում է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում Վրաստանի վերաբերյալ բանաձևի ընդունում: Բանաձևի տեքստում կարձանագրվի, որ վրացական փախստականները տուն վերադառնալու և Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում իրենց ունեցվածքի անձեռնմխելիության իրավունք ունեն: «Այդ բանաձևը բացարձակապես հումանիտար բնույթ է կրում և փախստականների ու բռնի տեղահանվածների արժանի ու անվտանգ վերադարձ է ենթադրում»,- բացատրել է փոխնախարարը, հաղորդում է Утро.ru-ն:

2008թ. օգոստոսի 12-ին Վրաստանը Ռուսաստանի դեմ հայց էր ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Այդ հայցի համաձայն` 1990 թվականից Ռուսաստանը, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անջատողական վարչակազմերի աջակցությամբ, վրացի բնակչության նկատմամբ խտրականություն է իրականացնում, ինչն էլ, փաստորեն, Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (21 դեկտեմբերի,1965թ.) խախտում է։ Արդյունքում, ինչպես պնդվում է հայցում, մոտ 400 հազար վրացիներ (երկրի բնակչության մոտ 10%-ը) ստիպված են եղել լքել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքը և փախստական դարձել սեփական պետության տարածքում:

Վրաստանը հայցը ներկայացրել էր Հարավային Օսեթիայում պատերազմի ավարտից հետո, որի արդյունքում Աբխազիան և Հարավային Օսեթիան ինքնուրույնություն ստացան, իսկ Մոսկվան և Թբիլիսին խզեցին դիվանագիտական հարաբերությունները: Թբիլիսին պնդում էր, որ պատերազմի ավարտից հետո ռասսայական խտրականությունը հանրապետություններում հատկապես ուժեղացել է: Ապրիլի սկզբին Հաագայում ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հրաժարվեց դիտարկել այդ հայցը առ այն, որ կողմերից ոչ մեկը չի փորձել կարգավորել վեճը ոչ դատական կարգով: