Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 24-ին Կազանում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքում, հանդիպման արդյունքը անէական չէ: «Ֆրանսիան իր գործընկերների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի կողմերին օգնի շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը»,- նշվում է հայտարարության մեջ: Հաղորդվում է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների շարունակումը նախապատրաստելու համար մոտակա շաբաթների ընթացքում կայցելեն Երևան, Բաքու և Լեռնային Ղարաբաղ:
Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ:
Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ, որովհետև Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Ավելին, ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ: