2010-ի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Փյունիկը» հունիսի 27-ին մեկնել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ, որտեղ հունիսի 28-ին Երևանի ժամանակով 18:00-ին ընկերական հանդիպում կանցկացնի «Լեռնային Արցախ» թիմի հետ: Ինչպես հայտնում է ԼՂՀ-ից PanARMENIAN.Net-ի թղթակիցը, խաղը տեղի կունենա Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան քաղաքային մարզադաշտում:
Արցախում «Փյունիկն» անցկացնելու է նաև բարեգործական միջոցառումներ: Ակումբն Արցախի ֆուտբոլիստներին կնվիրի մարզական գույք:
«Փյունիկը» Երևան կվերադառնա հունիսի 29-ին և կսկսի պատրաստվել Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլի խաղին չեխական «Վիկտորիայի» հետ, որը տեղի է ունենալու հուլիսի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում: Մինչ այդ ակումբը կհանդիպի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ: