29 հունիսի 2011 - 10:33 AMT
ԱՄՀ նախագահ է դարձել Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը

Նախօրեին Արժույթի միջազգային հիմնադրամի Տնօրենների խորհուրդը Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Քրիստին Լագարդին ձայների գերակշռող մեծամասնությամբ ընտրել է ԱՄՀ նախագահ հինգ տարի ժամկետով:

Նա այդ պաշտոնում փոխարինել է իր հայրենակից և Ֆրանսիայի ֆինանսների նախկին նախարար Դոմինիկ Ստրոսս Կանին, որը հրաժարական տվեց` սեռական ոտնձգությունների առնչությամբ իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով: Լագարդն առաջին կինն է Արժույթի միջազգայի հիմնադրամի կարգադրիչ տնօրենի պաշտոնում:

Լագարդի մրցակիցը Մեքսիկայի Կենտրոնական բանկի նախագահ Ավգուստին Կարստենսն էր: Սակայն նրա շանսերը փոքր էին պահպանողական հայացքների և գլխավոր բաժնետերերին չօժանդակելու պատճառով: Հիմնադրամի նախագահի ընտրության երկրորդ փուլում քվեարկում են ԱՄՀ Խորհրդի գործադիր տնօրենները: Նրանցից յուրաքանչյուրը ձայների որոշակի քանակ ունի` կախված իրենց ներկայացրած երկրի «կշռից»: Արդյունքում ԱՄՀ նախագահ ընտրվեց Քրիստին Լագարդը: Կարստենսին օժանդակեցին միայն Ավստրալիայի, Մեքսիկայի և Կանադայի ներկայացուցիչները, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն: