29 հունիսի 2011 - 12:08 AMT
Բրայզան լավատես է Ղարաբաղի շուրջ բանակցությունների ապագայի հարցում

«ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդևն ու Նիկոլյա Սարկոզին դովիլյան հայտարարության մեջ հստակ արտահայտել էին իրենց հույսերը կապված Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների կազանյան հանդիպման հետ»,-ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան՝ մեկնաբանելով Կազանի հանդիպման արդյունքները: Ըստ նրա, հայտարարության մեջ նախագահները նշել են, որ ժամանակն է ավարտել աշխատանքը «հիմնարար սկզբունքների» վրա՝ հիմք ստեղծելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Նրանք նաև հստակ հասկացրեցին, որ իրականում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ասել է դեսպանը:

«Սակայն, կողմերին Կազանում չհաջողվեց բեկում արձանագրել և ավարտել աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա: Սակայն, ես հասկանում եմ, որ բանակցությունները շարունակվում են, գործընթացը շարունակվում է, կողմերը կրկին կհանդիպեն և կաշխատեն մշակել բոլոր հարցերը, որոնք դեռևս սեղանի վրա են»,-ասել է Բրայզան, որը նախկինում ԵԱՀԿ ՄԽ խմբի ամերիկացի համանախագահն էր:

«Ինչպես հայտնի է նախագահ Օբաման հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ Կազանի հանդիպումից առաջ: Նախագահ Մեդվեդևը անձամբ է մասնակցել այդ հանդիպմանը, իսկ նախագահ Սարկոզին իր աջակցությունն է հայտնել գործընթացին: Ես ակնկալում եմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները կշարունակեն աջակցել գործընթացին»,-ասել է նա, հաղորդում է «Թրենդ» գործակալութունը:

Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ: