Այսօր կայացավ Հայաստանի Կիբերխաղերի 5-րդ բաց առաջնության մրցանակաբաշխությունը։
Առաջնության պաշտոնական մարզաձևերից FIFA 2011-ի և StarCraft 2 -ի հաղթողներ 27-ամյա Էդմոն Գրիգորյանը և 24-ամյա Հայկ Հակոբյանը կմեկնեն Պուսան (Հարավային Կորեա) մասնակցելու համաշխարհային մրցաշարին։ Նրանց մասնակցությունը ֆինանսավորելու է Հայաստանի կիբերսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան։ Լիգայի նախագահ Էդգար Սահակյանը և “Samsung electronics” ընկերության ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը չեմպիոններին հանձնեցին համաշխարհային մրցաշարի ուղեգրերը։
Եվս 4 հաղթողների՝ երկրորդ և երրորդ տեղերը գրաված Լևոն Սաքեյանին, Մհեր Եղիազարյանին, Պավել Արամյանին և Բագրատ Դաբաղյանին շնորհվեց համաշխարհային մրցաշարի ուղեգրի իրավունք, սակայն նրանք չեն ֆինանսավորվելու լիգայի կողմից։ «ԱրմենՏել»-ի կողմից հատուկ մրցանակը՝ նեթբուքը և մեկ տարի անվճար Hi-Line ծառայության բաժանորդագրությունը շնորհվեց միակ աղջիկ մասնակցին՝ Օլգա Ֆեդորենկոյին:
«Մեր ընկերության համար սա սովորական ծրագիր չէ։ Այս ոլորտը Հայաստանի համար առաջնահերթային է՝ հաշվի առնելով մեր երկրի մեծ պոտենցիալը: Հույս ունենք, որ մեր մասնակիցները Կորեայից հաղթանակած կվերադառնան»,-նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն ԻգորԿլիմկոն:
«Կիբերսպորտը տարեցտարի Հայաստանում աճում ու զարգանում է և ամեն հաջորդ մրցույթ ավելի ճոխ է անցնում, քան նախորդը»,- ասաց լիգայի նախագահ Էդգար Սահակյանը:
Անհատական և խմբային մարզաձևերի (Counter-Strike 1.6 և WarCraft 3 Dota) հաղթողները պարգևատրվեցին “Samsung electronics” ընկերության մոնիտորներով։
Հայաստանի Կիբերսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի կազմկոմիտեի տվյալներով, WCG Հայաստանի 2011 առաջնությանը մասնակցել է 150 երիտասարդ, որոնցից 36-ը տարբեր անվանակարգերում դարձել է մրցանակակիր: Համակարգչային խաղերի համաշխարհային հովանավորն է “Samsung electronics” ընկերությունը, իսկ Հայաստանի ազգային առաջնությանը` «ԱրմենՏել» ընկերությունը: Մրցաշարին համակարգիչները տրամադրել է “Fine” ընկերությունը: