Հուլիսի 7-ին տեղի կունենա GTUG Հայաստան խմբի 3-րդ հանդիպումը
Հանդիպման ժամանակ մասնակիցները կանդրադառնան Google Maps և Google Map Maker գործիքներին:
GTUG Հայաստան խմբի մոդերատոր Վարդան Պապիկյանն PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ կարևոր է համարում Google Maps-ի և Google Map Maker-ի գործիքների մասին քննարկումը։
«Այսօր հայկական շատ տեղանուններ աղավաղվում են թուրքերեն և այլ տարբերակներով։ Սա ունի ռազմավարական նշանակություն։ Բացի դրանից այս գործիքներն ունեն կոմերցիոն նշանակություն՝ կազմակերպությունների դիրքերը քարտեզի վրա նշելու տեսանկյունից։ Հանդիպման ժամանակ ոմանք կկիսեն իրենց փորձը, կանեն իրենց առաջարկները»,- ասաց Վարդան Պապիկյանը։
Վարդան Պապիկյանը տեղեկացրեց նաև, որ հանդիպմանը անդրադարձ կլինի Google-ի ստեղծած նոր Google+ սոցիալական ցանցին: Ունենալով համակարգը տեստավորելու հնարավորություն`մասնակիցները ներսից կուսումնասիրեն ցանցը, կծանոթանան վերջինիս ֆունկցիաներին ու հնարավորություններին:
Վարդան Պապիկյանի խոսքով ակնկալվում է, որ հանդիպմանը ներկա կլինի 30-ից ավելի մասնակից։
Հանդիպմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։