
Հունիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով ժամանեց Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգա` ուղեկցությամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի, հայրապետական շքախմբի և Ռուսաստանի թեմի հայոց քահանայից դասի:Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորեցին Լատվիայի հոգևոր հովիվ Տ. Խոսրով քահանա Ստեփանյանը, հայ համայնքի նախագահ Առնո Տեր-Սահակովը, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Նույն օրը երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հետ: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց նախագահին հայ համայնքի հանդեպ Լատվիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող մշտական հոգատար վերաբերմունքի և ուշադրության համար:
Զատլերսը, իր հերթին, ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Ռիգա, բարձր գնահատանքով ներկայացրեց հայ համայնքի կարևոր ներդրումը Լատվիայի կյանքում և շնորհավորեց Նորին Սրբությանը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցման և օծման առիթով:
Հունիսի 30-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման արարողությունը, որին ներկա էին Ռուս Ուղղափառ Եկեղեցուց Ալեքսանդր միտրոպոլիտը, Լյութերական Եկեղեցուց Պավել եպիսկոպոսը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և ուխտավորներ` այս առիթով ժամանած Էստոնիայից և Լիտվայից:
Իր օրհնության պատգամը հայտնելուց հետո հավաքվածներին Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդ Եզրաս եպիսկոպոսին, Լատվիայի հոգևոր հովվին և եկեղեցական վարչության անդամներին իրենց անձնվեր ծառայությանց համար ի պայծառություն Լատվիայի հայ համայնքային կյանքի: Նորին Սրբությունն իր խոսքից հետո նորաօծ եկեղեցուն նվիրեց սրբապատկեր: Հավարտ արարողության Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց անդրանիկ Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Նույն օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական օրհնության գրեր շնորհեց եկեղեցու կառուցման գործում մեծ ավանդ ունեցած բարերարներին` Առնո Տեր-Սահակովին, Արտակ Դանիելյանին, Էդուարդ Տեր-Սահակով, Ռոբերտ Հովհհանեսյանին, Էռնեստ Բերնիսին, Սերգեյ Ավետիսյանին, Աղան Ավետիսյանին, Արա Դավոյանին, Պավել Սայադովին, Ատոմ Խաչատրյանին, Մխիթար Մխիթարյանին, Վաչագան Պողոսյանին, Արթուր Իսախանովին, Ռուստամ Ասոյանին, Ենոք Կոսյանին և Սուրն Պարսամյանին: