6 հուլիսի 2011 - 10:52 AMT
ՀՖՀՀ երկու ուսանողներ իրենց արտադրական պրակտիկան կանցկացնեն Ֆրանսիայում

Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) Մշակութային հաղորդակցություն, տուրիզմ և մենեջմենթ մասնագիտությամբ մագիստրատուրայի ուսանողներից երկուսը առաջիկայում իրենց արտադրական պրակտիկան կանցկացնեն Ֆրանսիայում: Պրակտիկաները ունեն կոնկրետ առաքելություն: Ուսանողներից մեկը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համար կուսումնասիրի ֆրանսիական տուրիզմի գրասենյակների (office de tourisme) փորձը՝ այն Հայաստանում տեղայնացնելու նապատակով: Մյուս ուսանողի պրակտիկայի արդյունքում Հայաստանում կկազմակերպվի Վալուայի հայտնի դաշնամուրի փառատոնը : (Festival Piano en Valois ) :

Մագիստրատուրայի շրջանակում ձեռք բերված գիտելիքների և ֆրանսիացի գործընկերների փորձառության համադրմամբ այս պրակտիկաների արդյունքում կոնկրետ ուղղություններով կստեղծվեն նոր հնարավորություններ մեր երկրում տուրիզմի և մշակութային գործունեության զարգացման համար:

Երկամսյա այս պրակտիկաների կազմակերպումը Ֆրանսիայում հնարավոր է դարձել Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինասական աջակցության շնորհիվ:

Ինչ վերաբերում է Մշակութային հաղորդակցություն, տուրիզմ և մենեջմենթ մասնագիտությամբ մագիստրատուրային, այն ստեղծվել է 2010թ. ՀՀ մշակույթի նախարարի առաջարկով և ԿԳ նախարարի աջակցությամբ :

Մագիստրոսական այս ծրագիրը տևում է մեկ տարի և նպատակ ունի ֆրանսերենին տիրապետող անձանց հնարավորություն տալ ձեռք բերել՝ նոր մասնագիտություն՝ մշակութային գործունեության և տուրիզմի կառավարման ոլորտներում: Հայաստանի բուհական համակարգում նման մեկամյա մագիստրոսական ծրագիր ներդրվում է առաջին անգամ :

Մագիստրոսական այս ծրագիրը հովանավորվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից, որը ծրագրի բացառիկ գործընկերն է: