Տաջիկստանի 14 պետական պաշտոնյա հունիսի 20-24-ին Հայաստան կատարած այցի շրջանակներում ծանոթանացել են վերականգնվող էներգետիկայի ներուժը զարգացնելու Հայաստանի քաղաքականության գերակայությունների մշակման փորձին, ինչպես նաև օրենսդիր ու ինստիտուցիոնալ շրջանակներին: Այցը կազմակերպել էին Տաջիկստանում և Երևանում ԵԱՀԿ գրասենյակները:
Ճանաչողական այցի մասնակիցների կազմում էին Տաջիկստանում ԵԱՀԿ գրասենյակի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները:
«Տնտեսական զարգացումը և համագործակցությունը ԵԱՀԿ տեսանկյունից անվտանգության և կայունության ապահովման խթաններից է: Այս համատեքստում ԵԱՀԿ-ն նպաստում է մասնակից պետությունների միջև տնտեսական համագործակցությանն ու լավագույն փորձի փոխանակմանը: Հայաստանը հաջողություն է ունեցել փոքր հիդրոէնէրգետիկայի զարգացման գործում, և ես հուսով եմ, որ այս ճանաչողական այցը օգտակար կլինի Տաջիկստանի համար»,- հայտնել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը:
Այցի ընթացքում մասնակիցները հանդիպել են պետական պաշտոնյաների, կարգավորող անկախ հանձնաժողովի, հետազոտական և զարգացման հաստատությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են վերականգնվող էներգետիկայի քաղաքականության, մասնավոր ներդրումների ներգրավման, սակագնային քաղաքականության և ՀԷԿ ներուժի գնահատման մեթոդների հարցերը:
Տաջիկստանի ներկայացուցիչները նաև տեղեկացել են Հայաստանի Մաքուր զարգացման մեխանիզմի կիրառման մասին (Կիոտոյի արձանագրության շրջանակներում), որը թույլ է տալիս երկրներին վաստակել և վաճառել արտանետումների կրճատման հավաստագրված միավորներ: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը աջակցել է Հայաստանի ներգրավմանն այդ մեխանիզմում: