6 հուլիսի 2011 - 21:14 AMT
Սերգեյ Լավրով. ՌԴ-ն հավատարիմ է մնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների Դովիլյան հայտարարությանը

Ռուսաստանը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների Դովիլյան հայտարարությանը: Այդ մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է Մոսկվայում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում` մեկնաբանելով այն հարցը, որ անգամ Դովիլյան հայտարարությունից հետո Ադրբեջանը փաստացիորեն արհամարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կարծիքը` իրեն հակադրելով միջազգային հանրության կարծիքին, իսկ Բաքվից շարունակում են ուժի կիրառման և նոր պատերազմին պատրաստվելու սպառնալիքներ հնչել: «Անմիջապես կուզեի միանշանակ ընդգծել, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների Դովիլյան հայտարարության մեջ շարադրված դիրքերին, որոնք հավանության են արժանացել նաև վերջին տարիներին Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ»,- նշել է նա: Լավրովի խոսքով, այդ փաստաթղթերը ոչ միայն հաստատում են հավատարմությունը խաղաղ կարգավորմանը, այլև ներառում լարվածության նվազեցման, վստահության ամրապնդման և շփման գծում միջադեպերի կանխման ուղղությամբ միջոցների մասին պայմանավորվածությունները: ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ բառացիորեն օրերս ԵԱՀԿ-ն շփման գծում հերթական մոնիթորինգն է անցկացրել, Վիեննայում ներկայացված հաշվետվությունը վկայում է, որ միջադեպերի թիվը նվազում է: «Դա դրական միտում է: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի այդ միտումն ամրապնդվի, իսկ իմ կողմից վերը նշված պայմանավորվածությունները պահպանվեն»,- նկատել է նա:

Մայիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ: