8 հուլիսի 2011 - 11:49 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի ԱԳՆ. Հիմնարար սկզբունքների շուրջ տեղաշարժը հնարավոր է, եթե Բաքուն ետ վերցնի 10 շտկումները

Հայաստանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման վերաբերյալ առաջխաղացումը հնարավոր է, եթե Ադրբեջանը ետ վերցնի 10 առաջարկները, որոնք կատարել է Կազանի եռակողմ հանդիպման ժամանակ: Այդ մասին Երևանում ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին:

Նա շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին հակամարտության հիմնարար սկզբունքների հարցում համաձայնության հանգելուն ուղղված ջանքերի համար:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ:

Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

ՖՈՏՈՇԱՐՔ