9 հուլիսի 2011 - 17:18 AMT
Բաքուն ուսումնասիրում է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ նախագահ Մեդվեդևի առաջարկները

Բաքուն ուսումնասիրում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկները, որոնք փոխանցել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այդ մասին լրագրողներին է հայտնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Մենք ուշադիր ուսումնասիրում ենք նախագահ Մեդվեդևի առաջարկները և դրանց հանգամանորեն ծանոթանալուց հետո կներկայացնենք մեր պատասխանը»,- ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ղարաբաղյան կարգավորման հարցերը Մամեդյարովն իր ռուսաստանյան պաշտոնակցի հետ կքննարկի հուլիսի 17-18-ին Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի շրջանակում: Ինչպես հաղորդում է Turan-ը` վկայակոչելով տեղեկացված դիվանագիտական աղբյուրներին ԱՄՆ մայրաքաղաքում, Լավրովը նաև երեք օրվա ընթացքում տարբեր մակարդակներում կքննարկի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի վերջին առաջարկները:

«Մենք ողջունում ենք Ռուսաստանի համառությունն այդ հարցում, սակայն վերջին առաջարկների մանրամասները մեզ հայտնի չեն: Մենք դրանք կքննարկենք պարոն Լավրովի` Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում: Լինելով Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ը միանում է տարածաշրջանում խաղաղության հասնելու`Ռուսաստանի ձգտմանը»,- ասել է աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ:

Նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին փոխանցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձը և առաջարկները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որ Ադրբեջանի նախագահը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ: