Հուլիսի 7-ից 8-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ համատեղ նիստը:
Հանձնաժողովի համանախագահներն էին. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, լեհական կողմից` ԼՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մարցին Կորոլեցը:
Համատեղ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային, գյուղատնտեսության, առողջապահության և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները և հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Լեհաստանի միջև միջմարզային կապերի խորացմանն առնչվող խնդիրներ: Նիստի շրջանակում մեծ ուշադրություն է դարձվել ԵՄ-ի հետ համագործակցության ծրագրերին, մասնավորապես` Արևելյան Գործընկերության նախաձեռնության ծրագրերի իրականացման ակտիվացման առումով:
Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ համատեղ նիստի ավարտին ստորագրվել է Արձանագրություն: Նիստի ընթացքում նաև նախաստորագրվել է «ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Համաձայնագիրը:
Նիստի շրջանակում տեղի է ունեցել Հայ-լեհական տնտեսական համաժողով, որի ընթացքում լեհ գործարար շրջանակների ներկայացուցիչներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային հնարավորությունները և գործարար միջավայրը: Համաժողովին ակտիվորեն մասնակցել են նաև Լեհաստանում գործունեություն ծավալող հայ գործարարները: