«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ահազանգում է Հայաստանի Սյունիքի մարզի Տոլորս գյուղում կիսախորտակված Սբ. Կարապետ եկեղեցու անմխիթար վիճակի մասին:
Ինչպես նշվում է նախաձեռնության հայտարարության մեջ. «Տոլորս գյուղի բնակիչների հավաստմամբ, ամեն տարի, երբ ջուրը ծածկում է եկեղեցու գմբեթը, ահավոր ուժգին կարկուտ է տեղում` վերացնելով ողջ բերքը: «Աստված է պատժում»,- ասում են նրանք:
Նախաձեռնությունը նշում է, որ լուսանկարները հրապարակել է լրատվական գործակալություններից մեկը ` հայկական հուշարձանների անմխիթար վիճակի մասին պատմող իր խորագրի շրջանակներում: «Ըստ հրապարակման` Տոլորսի ջրամբարը կառուցվել է 1970-ական թվականներին: Դրա տարածքում գտնվող XVI դարի Սբ. Կարապետ եկեղեցին որոշ գիտնականներ և ճարտարապետներ այն ժամանակ առաջարկել են տեղափոխել մեկ այլ վայր, սակայն խորհրդային չինովնիկները նախընտրել են խորտակել սրբատեղին»,- նշվում է հայտարարության մեջ:
Տոլորս գյուղի բնակիչները խնդրանքով դիմել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի` եկեղեցին այլ վայր տեղափոխելու համար: Գյուղի այգիներից արդեն 40 տարի է` բերք գրեթե չի ստացվում: