ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը հուլիսի 12-ին հանդիպել է ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) և Իգոր Պոպովի (ՌԴ) հետ, ինչպես նաև Ղարաբաղի գծով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Հանդիպմանը Աժուբալիսը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ ջանքերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում և հորդորել է էլ ավելի ներգրավել քաղաքացիական հանրությունները վստահության միջոցների ամրապնդման իրականացման գործում: «Դա զգալի ներդրում կլինի հակամարտության հանգուցալուծման մեջ և կնպաստի վստահության հաստատմանը երկու երկրների հասարակությունների միջև»,-ասել է նա:
Իր հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծանոթացրել են Աժուբալիսին Կազանում կայացած հանդիպման արդյունքների հետ: Զրուցակիցները քննարկել են նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարները, ինչպես նաև մինչ տարվերջ նախատեսված նախաձեռնությունները:
ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: