Հուլիսի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Լոնդոն: Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի եւ Եվրոպական հարցերով պետնախարար Դեվիդ Լիդինգտոնի հետ:
Հանդիպումից առաջ Էդվարդ Նալբանյանն ու Դեվիդ Լիդինգտոնը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջեւ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը»:
Բանակցությունների օրակարգում էր երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ:
Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունից, Էդվարդ Նալբանդյանը բրիտանացի նախարարների հետ հանգամանալից քննարկեց քաղաքական երկխոսության, երկկողմ հարաբերությունների խթանման, միջազգային կառույցներում փոխգործակցության, գործարար կապերի, մշակութային փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Նախարար Նալբանդյանն ասաց, որ հայ-բրիտանական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն եւ կարեւորեց տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության ակտիվացումը: Որպես տնտեսական փոխգործակցության խորացման հնարավոր բնագավառներ նշվեցին բարձր տեխնոլոգիաները, էներգետիկան, տրանսպորտը, բանկային համակարգը: Երկուստեք նշվեց, որ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը լուրջ խթան կարող է հաղորդել տնտեսական կապերի ակտիվացմանը եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց հայ-բրիտանական գործարար ֆորում անցկացնելու մասին:
Նախարարները անդրադարձան Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը: Այս առումով Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը ողջունեց Հայաստան-Եվրոպական միություն խորացող համագործակցությունը եւ մերձեցումը:
Հայաստանի եւ Միացյալ Թագավորության ԱԳՆ-երի ղեկավարները խոսեցին նաեւ տարածաշրջանային հարցերից, Մերձավոր, Միջին Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումներից:
Զրուցակիցները մանրամասն քննարկեցին տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները: Այդ ենթատեքստում, նախարար Նալբանդյանը ներկայացրեց ՀՀ դիրքորոշումները արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ եւ հույս հայտնեց, որ Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի, իրատեսության եւ կառուցողականության դրսեւորման պարագայում հնարավոր կլինի հասնել հիմնահարցի հանգուցալուծմանը: Այս ենթատեքստում նախարար Լիդինգտոնը Միացյալ Թագավորության աջակցությունը հայտնեց Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացին, շեշտելով վստահության ամրապնդման միջոցների ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունն ու հիմնախնդրի ռազմական լուծման անընդունելիությունը: