14 հուլիսի 2011 - 14:47 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Ոսկե ծիրան». «Նորան դեռ ողջ է» ֆիլմը կներկայացնի թերի մտավոր կարողություններով աղջկա կյանքը

«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է Մարտին Յաբսի «Նորան դեռ ողջ է» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Նորա անունով թերի մտավոր կարողություններով աղջկա մասին:

«Իրադարձությունը ցույց է տալիս ողբերգական սյուժե, բայց Նորայի վառ անհատականությունը կարծես ծածկում է այդ ողբերգությունը:

Նորան օրերս նշեց իր 32-ամյակը: Ֆիլմի նկարահանումները տևել են 7տարի, որովհետև մենք 7 տարի մտածում էինք, որ Նորան կմահանա: Բժիշկները անընդհատ դրա մասին էին խոսում», - լրագրողներին ասաց Յաբսը:

Ֆիլմի հերոսուհին` Նորան սիրում է իշամեղուներին և ատում դաշնամուրային երաժշտությունը: Եվ Նորան շուտով մեռնելու է: Սա են պնդում բժիշկները, բայց Նորան դեռ ողջ է. չնայած ֆիզիկական և մտավոր արատներին, նա դառնում է 30 տարեկան` իր սիրասուն մորից ու տատից երկար ապրելով: Նորան երբեք չի գիտակցել նրանց մահը: Ինչևէ, եղբայրը ֆիլմ է նկարահանում կորստի մասին և, ինչպես պարզվում է, ավելի մտերիմ է քրոջ հետ, քան պատկերացնում է: Հինգ տարվա ժամանակահատված խտացնելով` 70 րոպեանոց այս դիմանկարը որսում է ժամանակին կենսալի ընտանիքի դրամատիկ փոփոխությունները, մինչ Նորայի զվարթ հերոսուհին անհաղորդ է մնում ամեն ինչին և նույն երջանիկն է:

Մարտին Յաբսը ծնվել է 1978թ-ին Բրազիլիայում:Ապրել է Գերմանիայում և ԱՄՆ-ում, ապա սկսել է ֆիլմեր նկարահանել Բեռլինում: Ընդունվել է Բադեն-Վյուրթեմբերգի կինոակադեմիայի վավերագրական կինոռեժիսուրայի բաժին: Ուսումն ավարտել է 2007-ին` «Սրճագույն դեմքեր» վավերագրական ֆիլմով, որը վեց անգամ հեռարձակվել է աշխարհի տարբեր հեռուստաալիքներով: Նաև թարգմանիչ է բարեգործական հիմնադրամում և լուսանկարիչ:

ՖՈՏՈՇԱՐՔ