14 հուլիսի 2011 - 16:40 AMT
Սերգո Կարապետյանը և UNIDO բիզնես կապերի բաժնի պետը քննարկել են ագրովերամշակման զարգացման հարցերը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանն ընդունեց ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության /UNIDO/ բիզնեսի, ներդրումների և տեխնոլոգիաների ծառայությունների վարչության համագործակցության և բիզնես կապերի բաժնի պետ Ջ. Պատակկոնիին, որին ուղեկցում էին UNIDO-ի փորձագետ Վ. Զաքարյանը և հայաստանյան ծրագրերի ղեկավար Ա. Սիմոնյանը: Հանդիպմանը մասնակցում էր Զարգացման Հայկական գործակալության տնօրեն Ռ. Հարությունյանը:

UNIDO-ն աջակցում է արդյունաբերական համագործակցության և կոոպերացիայի զարգացմանը, արդյունաբերության արդիականացմանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման ճանապարհով արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ներդրումների և տեխնոլոգիաների ներգրավմանը, ագրոպարենային համալիրի զարգացմանն ու սննդամթերքի անվտանգության ապահովմանը, արդյունաբերական արտադրության արդյունավետ և էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների տարածմանը նպաստեղ ծրագրերի իրականացմանը տարբեր երկրներում: Խոսելով այս մասին, պարոն Պատտակոնին առավել հանգամանորեն ներկայացրեց ագրովերամշակման, ագրոբիզնեսի, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն աջակցող ծրագրերը և երկկողմ համագործակցության տեսանկյունից հնարավոր համարեց հայաստանյան մասնագետների ներգավումը տարբեր երկրներում UNIDO-ի կողմից իրականացվող ծրագրերի փորձագիտական աշխատանքներին:

Անդրադարձ եղավ նաև մեծածախ առևտրով զբաղվող «METRO» ընկերության հետ իրականացվող ծրագրին, որի նպատակը տեղական արտադրողների կարողությունների ուժեղացումն է, նրանց կորպորատիվ ստանդարտներին մոտեցնելը, փոխադարձ առևտրի աշխուժացումը: Ծրագիրը հետաքրքրված է «METRO» խանութներին հայկական արտադրության սննդամթերք՝ հատկապես կոնյակ, մատակարարելու հարցով: Այս առումով արդեն համագործակցություն է սկսվել Զարգացման Հայկական գործակալության հետ: Առաջին քայլը մրցունակ պարենային ապրանքներ արտադրող հայկական վերամշակող ձեռնարկությունների ընտրությունն է:

Նախարար Ս. Կարապետյանը կարևորեց ներկայացված ծրագրերը Հայաստանում իրականացնելու փաստը և հույս հայտնեց, որ դրանք կարող են նպաստել մրցունակ պարենային արտադրանքի արտահանման ծավալների ավելացմանը: Նա նշեց նաև, որ անհրաժեշտ է ըստ ճյուղերի ստեղծել համագործակցող միավորումներ, որոնք հնարավորություն կունենան կատարելու արտաքին շուկա դուրս գալու գործընթացը դյուրացնող միասնական մարքեթինգային ուսումնասիրություններ: Որպես օրինակ նախարարը ներկայացրեց բարձր որակ, սակայն արտահանման տեսանկյունից խնդիրներ ունեցող հյութերի արտադրության փաստը Հայաստանում:

Տիկին Ա. Սիմոնյանը ներկայացրեց «ՀՀ ագրոպարենային հատվածի փոքր և միջին ձեռնարկություններում բիոէներգիայի օգտագործման խթանում» ծրագիրը, որի նպատակը բիոէներգիայի օգտագործման խթանումով շրջակա միջավայրի պահպանման մի շարք հարցերի լուծումն է Հայաստանում: Այն նախատեսում է ներդնել բիո-էներգետիկ համակարգեր Հայաստանի ագրոպարենային հատվածում, ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ` փոքր և միջին ձեռնարկություններում բիոէներգիայի տեխնոլոգիաների օգտագործման բարելավման համար, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունը: