Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ հիմնարար սկզբունքների համաձայնեցման գլխավոր խոչընդոտն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ Մանոյանի, Ադրբեջանի վերջին հայտարարություններն ապացուցում են, որ Բաքուն փորձում է խուսափել հիմնարար սկզբունքների համաձայնեցումից:
«Մի կողմից ադրբեջանական կողմը խոսում է Ղարաբաղի կարգավիճակի մասին, մյուս կողմից տարածքային ամբողջականությունից դուրս որևէ կարգավիճակի անընդունելիության մասին: Միջնորդներն իրենց հերթին շտապում են հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնության հասնել մինչ Հայաստանում ու Ադրբեջանում կայանալիք ընտրությունները, քանի որ խաղաղ համաձայնագրի մշակումը շատ ժամանակ կպահանջի»,-ասել է Մանոյանը: Ըստ նրա, այս իրավիճակը ցույց է տալիս, որ միջնորդների միջև համաձայնություն կա ղարաբաղյան կարգավորման սկզբունքների վերաբերյալ, սակայն ՄԽ համանախագահները Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու լծակներ չունեն:
Ըստ Մանոյանի, Հայաստանի իշխանությունները չեն համաձայնվի այնպիսի սկզբունքների հետ, որտեղ հստակ չի նշվում Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սակայն, միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Ադրբեջանն իր հերթին չի համաձայնվի Արցախի անկախության հետ: «Հաշվի առնելով այս ամենը, կարելի է ասել, որ քանի դեռ Ադրբեջանը չի վերանայել իր դիրքորոշումը, որևէ փաստաթղթի ստորագրում քիչ հավանական է»,-ասել է Մանոյանը:
ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: