Այս շաբաթ հաջողությամբ մեկնարկեց ՊրոԿրեդիտ բանկի «Երիտասարդ բանկիրների ծրագիրը»: Վեց ամիս տևողությամբ այս բացառիկ ծրագրին մասնակցում են մրցութային կարգով ընտրված 24 խոստումնալից երիտասարդներ, ովքեր ձեռք կբերեն բանկային համակարգին վերաբերող անհրաժեշտ հիմնարար տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ: Ընտրված մասնակիցները ՀՀ տարբեր բուհերի տնտեսագիտական և տեխնիկական ֆակուլտետների շրջանավարտներ և մագիստրատուրայի ուսանողներ են, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա:
Հաշվի առնելով մասնակիցների հետաքրքրությունների շրջանակն ու ծրագրի ընթացքում նրանց կատարողականը՝ ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները հեռանկարային աշխատանքի առաջարկ կստանան ՊրոԿրեդիտ Բանկի կողմից և կհամալրեն աշխարհի 21 երկրներում գործող խոշոր բանկային խումբը:
«Մենք հավատացած ենք, որ մեր կողմից ընտրված երիտասարդների ստացած գիտելիքներն ու եռանդը կնպաստեն ոչ միայն ՊրոԿրեդիտ բանկի հաջողություններին, այլև Հայաստանի բանկային համակարգում որակյալ երիտասարդ կադրերի աճին», ասել է բանկի գործադիր տնօրենի տեղակալ Ավթանդիլ Գոգոլին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: