16 հուլիսի 2011 - 16:10 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում է աշխարահռչակ թուրք կինոռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը

«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Երևանում է թուրք աշխարհահռչակ ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը: Փառատոնի օրերին հայ հանդիսատեսին ներկայացվել է նրա «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը:

«Սցենարը սկզբից մինչ վերջ իրական է, քսանհինգ տարի առաջ է դեպքը տեղի ունեցել: Այն փոքրիկ պատմությունները ֆիլմի ներսում, դա էլ է համապատասխանում իրականությանը: Բյուրոկրատներին պատմող պատմություններն արդեն մտացածին են», ասաց Ջեյլանը: Իրականությունը փոփոխական է միշտ, և այն տարբեր է բոլորի համար: Կյանքում ես փորձում եմ իրավիճակ ստեղծել և ապրել բնականին մոտ: Ես աշխատում եմ մաքսիմալ իրական պատկերներ մտցնել ֆիլմում», հավելեց թուրք ռեժիսորը: Ռեժիսորն իր ուսուցիչներից է համարում ռուս հայտնի գրող Չեխովին:

Ռեժիսորը Երևանում եղել է Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանում, որը մեծ ազդեցություն է թողել նրա վրա:

Ջեյլանի խոսքով թուրքական կինոյում գործերը լավ են, և որակական և քանակական առումով: Կան լավ երիտասարդ, ստեղծագործող ռեժիսորներ, մի կողմից կա պետական աջակցքություն, նաև լավ են զարգացած տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս փոքր միջոցներով լավ ֆիլմ նկարել:

Նուրի Բիլգե Ջեյլան ծնվել է 1959թ-ին Ստամբուլում: Թուրք լուսանկարիչ և կինոռեժիսոր: Լուսանկարչություն է սովորել 15 տարեկանում, իսկ կինոյով` 22-ում: Բոսֆորի համալսարանի էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի բաժինն ավարտելուց հետո երկու տարի կինոկրթություն է ստացել Միմար Սինան համալսարանում: Ջեյլանի առաջին կարճամետրաժ ֆիլմը` «Բոժոժը», 1995-ին ցուցադրվել է Կաննի ՄԿՓ-ում: Նա բազմաթիվ մրցանակներ է ստացել իր անդրանիկ լիամետրաժ աշխատանքի` «Փոքրիկ քաղաքի» համար: Ջեյլանի երրորդ լիամետրաժը` «Օտարումը» ևս, շատ պարգևներ է բերել, այդ թվում` Ժյուրիի Մեծ մրցանակն ու տղամարդու լավագույն դերակատարման մրցանակը Կաննում, արժանացել է միջազգային ճանաչման: Ջեյլանն իր բոլոր ֆիլմերը նկարահանում է փոքր բյուջեով:

ՖՈՏՈՇԱՐՔ