19 հուլիսի 2011 - 18:44 AMT
Հայաստանի ԶՈՒ 35 սպաներ ստացան ծառայողական բնակարաններ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 18-ին այցելել է Հայաստանի հարավ-արևելյան սահմանային շրջան և մասնակցել 35 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Շնորհավորելով նորակառույց շենքի բնակիչներին` նախարարը նշել է, որ պետությունն անում է հնարավորինս ամեն ինչ սպաների կենցաղային խնդիրները լուծելու համար, որպեսզի նրանք մտածեն միայն հայրենիքի սահմաններն անառիկ պահելու և զինվորական գործին ամբողջությամբ նվիրվելու մասին, ինչն էլ կնպաստի բանակի մարտունակության բարձրացմանը:

Նորակառույց շենքի բացումից հետո սպաներն իրենց բնակարաններում հյուրընկալեցին պաշտպանության նախարարին: Ծանոթանալով բնակարանային պայմաններին ու կատարված աշխատանքներին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսված բանակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով:

Նախարարն այցելել է նաև սպայական նորակառույց ակումբ` հագեցած մարզական գույքով, համակարգիչներով և ժամանացի համար անհրաժեշտ այլ պարագաներով, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: