ԱՄՆ իշխանությունները կարող են չեղյալ հայտարարել Green Card վիճակահանությունը: Այն անց է կացվում 1995 թ.՝ լեգալ ներգաղթողների քանակն ավելացնելու նպատակով: Green Card-ը հնարավորություն է տալիս մեկնել, ապրել և աշխատել ԱՄՆ առանց մուտքի արտոնագրի, իսկ 5 տարի անց՝ քաղաքացիություն ստանալ, գրում է «Վեստին»:
Սակայն, շուտով դա կարող է անհնար դառնալ: Green Card վիճակահանությունը վերացնելու մասին օրինագիծը կներկայացվի ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը: Նախաձեռնության հեղինակ հանրապետականները գտնում են, որ վիճակահանությունն ոչ այլ ինչ է, քան խարդախություն: Բացի այդ, այն հնարավորություն է տալիս ահաբեկիչներին մուտք գործել ԱՄՆ: Սակայն, սկզբում օրնագիծը պետք է հավանության արժանանա կոմիտեում: «2005թ. ի վեր վիճակահանությունից փորձում են հրաժարվել տարեկան առնվազն երկու անգամ»,-հայտարարել է Green Card-ի Մինսկի կենտրոնի ղեկավար Վալերի Սուրյաևը:
Ըստ նրա, ԱՄՆ-ում օրինագծերի մեծ մասը կոմիտեից այն կողմ չի անցնում: Ուստի, կոնկրետ որևէ բան ասելը վաղաժամ է:
Ամեն տարի Green Card-ի երջանիկ տեր է դառնում 55 հազար մարդ: Սակայն, համակարգն իրեն սպառել է և կարող է վերացվել, գտնում է «Փորձագետ» ռուսական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Պավել Բիկովը:
«Հավանականությունը մեծ է: Միգրանտների նման զանգվածային ընդունումն արդեն կորցրել է իր արդիականությունը, քանի որ ԱՄՆ-ում առանց այդ էլ միգրանտների քանակը հսկայական է: Իսկ որակյալ մասնագետներն, որոնք հարկավոր են ԱՄՆ-ին, անմիջական հրավեր են ստանում»:
Մայիսին սկանդալ բռնկվեց Green Card-ի հետ կապված: 2012թ. հաղթողներն արդեն հայտնի էին, երբ Պետդեպարտամենտը չեղյալ հայտարարեց արդյունքները՝ տեխնիկական խափանման պատճառով: