26 հուլիսի 2011 - 17:20 AMT
Պետությունն ու եկեղեցին չե՞ն կարող վերահսկել հուշարձանների պահպանման ողջ գործընթացը

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Սանահինի վանական համալիրի անմխիթար վիճակի վերաբերյալ բողոքի ալիքի կապակցությամբ լրագրողների հետ այսօր կայացած զրույցում ասել է, որ ինչ-որ բանի վերաբերյալ խնդիր բարձրացնելը մի բան է, մարդկանց վրա ցեխ շպրտելը մեկ այլ բան: Նրա կարծիքով, հուշարձանների պահպանության հարցը միայն պետության խնդիր չէ, այլ նաև հասարակության խնդիրն է: «Խնդիրը պետք է հնչեցնել և արձանագրել, այլ ոչ թե կառուցել վիրավորանքների վրա», ասաց նախարարը: Նրա խոսքով, նախարարությունը բաց է բոլորի համար և բոլորը կարող են ցանկացած խնդրով դիմել նրանց: Այն հարցին, թե ինչու նախարարություն շատ չեն դիմում, նախարարն ասաց, որ հնարավոր է, որ վստահության պակաս կա, կամ էլ բողոքողների մեծ մասը պարզապես սեփական «ես»-ը բարձրացնելու խնդիր ունի:

Նա նաև ասաց, որ Հայաստանի մշակութային ժառանգությունը չափազանց մեծ է և միայն պետությունն ու եկեղեցին չեն կարող վերահսկել ողջ գործընթացը: Անհրաժեշտ է նաև հասարակության հոգածությունը: Նախարարը բերեց Օձունի եկեղեցու վերանորոգման օրինակը, որի համար ստեղծվել է հիմնադրամ:

Նախարարը շեշտեց, որ վերականգնման ենթակա շատ շինություններ կան և պետք է առաջինը նորոգել ամենավտանգվածները: Նա նաև ասաց, որ առաջնային հարցերից մեկը Գոշավանքի վանական համալիրի վերանորոգման աշխատանքներն են: