27 հուլիսի 2011 - 19:23 AMT
Արմեն Գևորգյանը ծանոթացավ Կոտայքի մարզի առաջնահերթ խնդիրներին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Կոտայքի մարզ` մարզի առաջնահերթ խնդիրների լուծման, ինչպես նաև «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով: Փոխվարչապետին ուղեկցում էր Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով Կոտայքի մարզին հատկացվել է 1 մլրդ 318 մլն դրամ, որով մարզում իրականացվում են շենքերի տանիքների, խմելու ջրի, ոռոգման համակարգերի, ճանապարհների, կրթական եւ նախակրթական հաստատությունների վերանորոգման, վերակառուցման աշխատանքներ:

Փոխվարչապետն այցելեց Զովունի, Նոր Գեղի, Քաղսի համայնքներ, ծանոթացավ համայնքների մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներին: Զովունու մանկապարտեզի վերանորոգման համար հատկացվել է շուրջ 45 մլն, Նոր Գեղիի մանկապարտեզի համար` շուրջ 37,5 մլն եւ Քաղսիի մանկապարտեզի համար` շուրջ 36 մլն դրամ: Ա. Գեւորգյանին տեղեկացվեց, որ կատարված է աշխատանքների 70 տոկոսը, դրանք կավարտվեն նախատեսված ժամկետում` օգոստոսի 31-ին: Ա.Գեւորգյանը կարեւորեց նաեւ իրականացվող աշխատանքների որակի նկատմամբ համայնքների վերահսկողությունը` հաշվի առնելով, որ ծրագիրն իրականացվում է համայնքների ֆինանսավորմամբ:

Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով մարզում վերանորոգվում են նաեւ Բյուրեղավանի, Ակունքի, Քանաքեռավանի, Գառնիի մանկապարտեզները:

Փոխվարչապետը Նոր Գեղի համայնքում այցելեց նաեւ նոր կառուցվող եկեղեցու շինհրապարակ, տեղեկացավ կատարված աշխատանքների մասին:

Այնուհետեւ Ա.Գեւորգյանը ծանոթացավ «ՀՄՀ-Հայաստան» ծրագրով Եղվարդի երրորդ կարգի ջրանցքի վերականգնման աշխատանքներին: Նախատեսված 7 942 մետր ջրանցքից ներկայումս կառուցված է 2 250 մետրը: Ծրագրի ավարտին ոռոգելի կդառնա համայնքի 514 հեկտար հողատարածք` ներկայիս 215-ի փոխարեն: Տեղեկացվեց, որ ջրանցքի վերականգնման աշխատանքները հնարավոր կլինի ավարտել սահմանված ժամկետում` մինչեւ օգոստոսի 31-ը:

Փոխվարչապետը Հրազդան քաղաքում ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի ուղեկցությամբ ծանոթացավ նաեւ «Հրազդան քաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավման» ծրագրով իրականացվող քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցման աշխատանքներին:

Ծրագրով վերակառուցվում է քաղաքի խմելու ջրամատակարարման ցանցը: Ըստ հաշվարկների` աշխատանքների արդյունքում մինչեւ 2011 թ. ավարտը Հրազդանում կապահովվի միջինը 17-18 ժամյա ջրամատակարարում` ներկայիս 11 ժամի դիմաց, իսկ լրացուցիչ աշխատանքների իրականացումից հետո` մինչեւ 2012 թ. Ավարտը, միջինը 20-21 ժամյա ջրամատակարարում: Հրազդանի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրն իրականացվում է ՀԲ-ի վարկային 5 մլն 611 հազար դոլար միջոցներով եւ նախատեսվում է ավարտել այս տարվա հոկտեմբերին: Ասիական բանկի 550 մլն դրամ վարկային միջոցներով վերազինվում է քաղաքը խմելու ջուր սնուցող պոմպակայանը, որի աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ դեկտեմբեր: Մարզպետարանում մարզպետ Կ. Շահգալդյանի, ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պ.Լորենի, Հրազդանի քաղաքապետի , այլ պատասխանատուների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը Ա.Գեւորգյանը քննարկեց «Հրազդան քաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավման», ինչպես նաեւ «Սեւանա լճի բնապահապանական» ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:

Մասնավորապես, «Սեւանա լճի բնապահպանական» ծրագրով Վարդենիս, Մարտունի, Գավառ քաղաքներում կկառուցվեն կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններ, ինչը զգալիորեն կնվազեցնի Սեւանա լիճ եւ Հրազդան գետ թափվող կեղտաջրերի ծավալները: Ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԵԶՎԲ կողմից, եւ որի ընդհանուր արժեքն է շուրջ 3.9 մլն եվրո, կավարտվի մինչեւ դեկտեմբեր:

Ընդհանուր ծրագրի շրջանակում արդեն վերանորոգվել են Գավառ, Մարտունի, Վարդենիս եւ Սեւան քաղաքների կոյուղագծերը: Սեւանա լճի բնապահապանական ծրագիրն իրականացվում է ԵԶՎԲ-ի ֆինանսավորմամբ` 12 մլն եվրո ընդհանուր արժեքով, եւ նախատեսվում է ավարտել 2011թ. վերջը: Խորհրդակցության ժամանակ տեղեկացվեց, որ երկու ծրագրերով էլ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով, հաղորդում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը։