Իր նախկին որոշումներից երկուսում կատարելով համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ՀՀ կառավարությունը բարձրացրել է զոհված զինծառայողների շուրջ 5 հազար 300 ընտանիքներին տրվող դրամական օգնության չափը` 10 հազար դրամի փոխարեն սահմանելով 30 հազար դրամ, որին լրացուցիչ կավելացվի յուրաքանչյուր երեխայի (շուրջ 1300 երեխա) համար 20 հազար դրամ։
Միաժամանակ 2011թ. սեպտեմբեր ամսից Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած շուրջ 4000 անձի տրվող դրամական պարգևի չափը կբարձրացվի 5000 դրամով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել այս որոշումը հանգամանորեն ներկայացնել զանգվածային լրատվական միջոցներին։ «Այս որոշմամբ մենք մեր սոցիալական քաղաքականությունը դարձնում ենք ավելի նպատակային և ավելացնում ենք այն վճարները, որոնք իրականացնելու ենք պետական բյուջեից, - հավելել է վարչապետը։ - Նաև պետք է հավաստիացնենք զոհված ազատամարտիկների ընտանիքներին, որ այս որոշման արդյունքում նրանք պետություն կողմից ստանալու են ավելի մեծ ֆինանսական օժանդակություն, ինչպես նաև պատերազմի մասնակիցները 5000 դրամով ավելի կստանան և պատերազմական գործողություններում հաշմանդամ դարձած անձինք նույնպես ֆինանսական օժանդակություն են ստանալու»։