29 հուլիսի 2011 - 15:06 AMT
Փոխվարչապետը ներկայացրել է Լոռու նորանշանակ մարզպետին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Լոռու մարզպետարանի աշխատակազմին, գործադիր մարմնի մարզային կառույցներին, մարզի ակտիվին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Արթուր Նալբանդյանին:

Ա. Գեւորգյանը բարձր գնահատեց նախկին մարզպետ Արամ Քոչարյանի կատարած աշխատանքը եւ շնորհակալություն հայտնեց նրան` մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված աշխատանքների համար:

Նոր մարզպետին ներկայացնելիս ՀՀ փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ Ա. Նալբանդյանը պատշաճ մակարդակով կիրականացնի մարզում ՀՀ կառավարության քաղաքականությունը: Նոր պաշտոնում հաջողություններ մաղթելով Ա.Նալբանդյանին` Ա. Գեւորգյանը նշեց, որ նա աշխատանքի մեծ փորձ ունի տեղական ինքնակառավարման համակարգում եւ քաջատեղյակ է խնդիրներին` վստահություն հայտնելով, որ նորանշանակ մարզպետը, համագործակցելով մարզի համայնքների ղեկավարների հետ, իր փորձն ու գիտելիքները կներդնի տարածքային կառավարումն արդյունավետ իրականացնելու համար: Լոռու նորանշանակ մարզպետ Ա. Նալբանդյանը 2005 թվականին ընտրվել եւ 2008 թվականին վերընտրվել է Ալավերդու քաղաքապետ: Պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով` տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 10-ամյակի կապակցությամբ եւ այդ մարմինների կայացմանն ակտիվ մասնակցության համար: Հանրապետական կուսակցության անդամ է, ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ:

Լոռու մարզ կատարած այցի շրջանակում փոխվարչապետ, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Ա. Գեւորգյանը Սպիտակում ծանոթացավ նաեւ Լինսի հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով վերականգնվող Սպիտակի թիվ 1 դպրոցի շինարարության ընթացքին: Ծրագրի իրականացման ընթացքում տնտեսված գումարներից դպրոցի 2-րդ մասնաշենքի վերակառուցման համար հատկացվել էր լրացուցիչ 150 մլն դրամ` այսպիսով ամբողջացնելով ուսումնական հաստատության նորոգումը:

Փոխվարչապետին ներկայացվեց լրացուցիչ գումարով իրականացվող շինաշխատանքների ընթացքը: Զեկուցվեց, որ աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի եւ կավարտվեն մինչեւ նոր ուսումնական տարին: Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց մշտական ուշադրություն դարձնել աշխատանքների որակին` հիշեցնելով, որ ծրագիրն ունի մեկ տարվա հետերաշխիքային ժամկետ: