29 հուլիսի 2011 - 15:19 AMT
Այսհուետ Երևանի կենդանաբանական այգու «բնակիչներին» կարելի է վերցնել խնամակալության

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ»ԲԲԸ դուստր ձեռնարկությունը ուրախ է տեղեկացնում է, որ այժմ Երևանի կենդանաբանական այգու այցելուները հնարավորություն կունենան վայելել գերարագ` 10Մբ/վ արագությամբ անվճար Wi-Fi ինտերնետ:

Wi-Fi ինտերնետի պաշտոնական մեկնարկի արարողությանը մասնակցեցին Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ կենդանաբանական այգում հասանելի դարձավ անվճար Wi-Fi ինտերնետը: Այժմ այստեղ կարող եք ծանոթանալ բնության բազմազանությանը, որակյալ ժամանակ անցկացնել բնության գրկում, և, ինչու՞ չէ, ինտերնետի միջոցով մնալ կապի մեջ աշխարհի հետ: Ինտերնետը տեղեկատվության աղբյուր է, որը մենք կարող ենք օգտագործել մեր գիտելիքներն ընդլայնելու և տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու համար` հատկապես այնպիսի կարևոր խնդրների վերաբերյալ, ինչպիսիք են շրջակա միջավայրի պահպանությունը, անհետացող կենդանիների տեսակները, և, առհասարակ, Երկրի բնությունը»-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Միջոցառման ընթացքում այգում գործում էր նաև բացօթյա էլեկտրոնային գրադարան, որտեղ այցելուները հնարավորություն ունեցան օգտվել հանրային Wi-Fi կապից և ստանալ տեղեկատվություն վայրի բնության և կենդանիների մասին, նաև դիտել թեմատիկ լուսանկարներ, տեսանյութեր և ֆիլմեր:

Wi-Fi-ի գործարկման մեկնարկն ապահովում է նաև «Կենդանիների խնամակալություն» ծրագրի լիարժեք իրականացումը: Խնամակալության պլատինե մակարդակը (նվիրատվությունը` 100 հազար դրամ) խնամակալներին հնարավորություն կտա իրենց կենդանուն հետևել համացանցով` վանդակում տեղադրված տեսախցիկի միջոցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած Wi-Fi կապի շնորհիվ այսօրվա միջոցառման ընթացքում գործարկվեց սպիտակ սիրամարգի վանդակում տեղադրված տեսախցիկը:

Կապը հնարավորություն կտա նաև առաջիկայում գործարկել Երևանի կենդանաբանական այգու ինտերակտիվ քարտեզը, որի միջոցով այցելուն կկարողանա ոչ միայն կողմնորոշվել այգու տարածքում, այլև ստանալ հետաքրքրաշարժ և օգտակար լրացուցիչ տեղեկատվություն այգու և կենդանիների մասին, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: