Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր, Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Սինան Օհանը Հայաստանի նախագահի խոսքերը գնահատել է որպես «տարածքային պահանջ Թուրքիային և պատերազմի հայտարարում», հայտնում է ԱզերԹաջը:
Սինան Օհանը նշել է, որ «Հայաստանի նախագահի այդ քայլին ի պատասխան Թուրքիայի ղեկավարությունը պետք է կոշտ քայլեր ձեռնարկի նոր պատժամիջոցներով»: Օհանը նաև առաջարկում է նոր միջազգային նախաձեռնություն ձեռնարկել «ադրբեջանական հողերն ազատագրելոը համար» այսինք փաստորեն առաջարկում է նոր պատերազմ սկսել Ղարաբաղում: Թուրքական կողմին, մասնավորապես, դուր չի եկել Հայաստանի նախագահի պատասխանը հայ աշխակերտի այն հարցին, թե սպասում է արդյոք հայերին ապագա, որը կվերադարձնի նրանց Արևմտյան Հայաստանը Արարատի հետ միասին։ Այս հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»:
Թուրքիայում բարձրացված հիստերիան կրում է շինծու, ցուցադրական բնույթ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի և ԱԳՆ «քննադատությունը» Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին, մասնավորապես, Հայաստանի պատմական հողերի մասին նրա խոսքերին: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ թուրքերն ուղղակի չեն կարդացել հարցի ամբողջական պատասխանը կամ պարզապես միահամուռ ասում են այն, ինչ ուզում են ասել` կառչելով խոսքի հատվածներից: Իրականում նման հարցին ՀՀ նախագահի պատասխանը լուրջ, համակողմանի և շատ կշռադատված պատասխան է, որը եթե չեն ընկալում Թուրքիայում, ուրեմն պարզապես դա իրենց պետք չէ: Ամեն դեպքում բարձրացված հիստերիան ոչ միայն շինծու է, այլև եզրակացությունների տեղիք պետք է տա շատերին»,- ասել է Քոչարյանը: