29 հուլիսի 2011 - 16:57 AMT
Օգոստոսին փոխարժեքը մոտ կլինի 360 դրամ 1 դոլարի դիմաց «հոգեբանական շեմին»

Եթե շաբաթվա սկզբին (հուլիսի 25) ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում ազգային արժույթի փոխարժեքը կազմել է 365,13 դրամ ԱՄՆ 1 դոլարի համար, ապա շաբաթվա վերջում ազգային արժույթի դիրքերն ամրապնդվեցին, իսկ փակման գինը հուլիսի 29-ին կազմեց 363 դրամ:

Օգոստոսին փոխարժեքը մոտ կլինի 1 դոլարի դիմաց 360 դրամ «հոգեբանական շեմին», գտնում է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը: «Որից հետո դրամի փոփոխականությունը կկայունանա ( ±10 դրամ շեղումով), եթե չլինեն լուրջ արտաքին և ներքին ցնցումներ»,-ասել է նա PanARMENIAN.Net- թղթակցի հետ զրույցում: Ինչպես պարզաբանել է Արամ Կայֆաջյանը, Հայաստանի արժույթի շուկայում ստեղծված վիճակը ոչ թե կապված է սեզոնային գործոնի հետ, այլ դրամական փոխադրումների աճի ու արտաքին առևտրի հաշվեկշռի դրական միտումների հետ: