Հայաստանում 6 ամիսների ընթացքում արձանագրված տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է արտաքին գործոններով։ Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը։ «Հայկական տնտեսության աճը պայմանավորված է ընդհանուր համաշխարհային տնտեսական ֆոնի աշխուժացմամբ»,- ասել է նա։
Արտաքին գործոնների շարքում «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրենն առանձնացրել է մետաղի համաշխարհային գները, ինչպես նաև դրամական փոխանցումների աճը։ Կայֆաջյանի խոսքով, երկրի իշխանությունները պետք է ավելի շատ աջակցեն տեղի արտադրությանը և բարելավեն գործարար միջավայրը։
2011թ. հունիսին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմել է 2,3 տոկոս՝ 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի վիճակագրական ծառայությունը, տնտեսական ակտիվության աճը հունիսին ընթացիկ տարվա մայիսի համեմատ կազմել է 9,6 տոկոս:
Ընդ որում, գնաճը 2011թ. հունիսին կազմել է 8,5 տոկոս 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ օպերատիվ տվյալների, հունիսին ընթացիկ տարվա մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 1,4 տոկոսով:
Ըստ պետբյուջեի, Հայաստանի ՀՆԱ աճը 2011թ. նախատեսվում է 4,6 տոկոսով, իսկ գնաճը՝ 4% (±1,5%):